|
|
|
|
Վերջին անգամ թարմացվել է՝
Մուտքի խոսք
Մեկ ամիս առաջ երբ կուսակցության խորհուրդը հրապարակեց արտահերթ համագումար հրավիրելու իր որոշումը, այն դարձավ հասարակական-քաղաքական ամենալայն քննարկումների առիթ, ինչը միգուցե բնական է մեր երկրի քաղաքական կյանքում մեր կուսակցության դերակատարության պարագայում: Սակայն կյանքը եւ այս համագումարը եկան ապացուցելու, որ տարատեսակ գուշակությունները, որ հաճախ փորձ է արվում ներկայացնել որպես «վերլուծություններ», սին էին:
Բազմիցս ունեցել ենք առիթներ նշելու, որ 10-րդ արտահերթ համագումար հրավիրելու որոշումը պայմանավորված է երկու հիմնական գործոններով: Առաջինը` կապված է կուսակցության ծրագրի հետ, որի դրույթներում` լրացումների միջոցով հստակեցումներ մտցնելու անհրաժեշտությունը եւ դրանց ձեւակերպումները քննարկվել ու մշակումների է ենթարկվել դեռեւս նախորդ տարվանից, սակայն այն չէր ստացել իր վերջնական տեսքը` 9-րդ հերթական համագումարին ներկայացնելու համար: Վերջին ամիսների ընթացքում շարունակվել են քննարկումները կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումներում, եւ ստացված առաջարկությունների արդյուքնում ձեւավորվել է մի փաստաթուղթ, որն ունի հետեւյալ նպատակները.
1-ին. ՀՀԿ ծրագրի մի շարք հիմնադրույթների շարադրանքն ավելի ընկալելի դարձնել մեր հասարակության լայն հատվածների համար: Այս առումով որոշ ծրագրային կետեր ավելի բացված են ներկայացված:
2-րդ. Կուսակցության ծրագրային հիմնադրություններն ավելի համահունչ դարձնել այսօր աշխարհում ընդունված գաղափարախոսական ուղղություններին, տվյալ դեպքում` դասական պահպանողականությանը, քանզի վերջինիս հիմքում ընկած մի շարք առանցքային հասկացություններ մեզ համար սկզբունքնորեն ընդունելի են: Օրինակ, Աստված, ազգ, հայրենիք, ավանդական ընտանիք, բարոյական նորմերի հաստատուն համակարգ, ազատական տնտեսություն եւ այլն: Ըստ այդմ, մենք ծրագրում ամրագրում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ազգային պահպանողական կուսակցություն է:
Վերջին անգամ թարմացվել է՝ 2006-07-22 23:39:39
|
|
|